Հանրապետական կուսակցությունն էլ է ուզում, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը ազատ արձակվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:
Վերջինս, մասնավորապես, հարց ուղղեց իշխող կուսակցությանն ու մասնավորապես ԱԺ նախագահին՝ ասելով. «Ողջ համացանցը լցված է այն գաղափարով, որ Արթուր Սարգսյանը գտնվում է շատ ծանր առողջական վիճակում: Ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել, ինչո՞ւ է Արթուր Սարգսյանը մինչեւ այսօր ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որ մինչ օրս տառապում է, առավել եւս, որ բոլորին հայտնի է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ»:
Ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց.
«Ես կարծում եմ, նման գործերը, թե կուսակցական առումով, թե ընդհանրապես, էդպես քննարկման առարկա չի մեզ համար, բայց մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք ուզում, որ խնդիրը այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի:
Դուք ասում եք՝ ինչ եք մտածել, իսկ մտածողների համար հատուկ կարգեր կան, հատուկ մարդիկ կան, հատուկ մոտեցումներ կան, որոնք մտածում են այդ մասին:
Ինչ վերաբերում է ըստ ամենայնի, մենք էլ ենք ուզում, որ ազատվի»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:











