Քարվաճառում ձնհալքի հետեւանքով 20 տարի առաջ մահացած ժամկետային զինծառայող Վարուժան Խուդաբաշյանի ընտանիքն արդեն 14 տարի է` սպասում է նոր բնակարանի:
NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հայրը` Մխիթար Խուդաբաշյանը, պատմեց, որ 2003թ.-ին իրենց տունը 4-րդ կարգի վթարային է ճանաչվել եւ որոշում է կայացվել, որ նոր տուն են ստանալու:
«Բայց մինչեւ հիմա այս տանն ենք, շուտով որ ձյունը սկսեց հալվել, պետք է թասեր դնենք ամբողջ տան մեջ, որովհետեւ ջուրն ամբողջությամբ թափում է ներս»,- ասաց Մխիթար Խուդաբաշյանը:
Խուդաբաշյաններն ապրում են Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում, ընտանիքը բազմանդամ է, մեծերից բացի տանն ապրում է 4 մանկահասակ երեխա:
Հիշեցնենք, որ Վարուժան Խուդաբաշյանը ձյան տակ է մնացել 1997թ. մարտի 3-ին, նրա դին հայտնաբերվել է երկու ամիս անց` մայիսի 8-ին:
«Որդուս հուղարկավորել ենք իր բանակ զորակոչվելու օրը: Մինչեւ հիմա պետությունից ոչ մի օժանդակություն չենք ստանում, միայն ամսական 15 հազարական դրամ են տալիս ինձ ու կնոջս, որով կարող ենք գնալ Սեւան կամ Երեւան, այսինքն ճանապարհածախս միայն: Գոնե տուն տան, որ կարողանանք այս վթարային շենքից տեղափոխվել»,- հավելեց մահացած զինծառայողի հայրը:
Նշենք, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, 8 անձից բաղկացած ընտանիքի միակ եկամուտը տան հարսի 48 հազար դրամ նպաստն է եւ ունեցած երկու կովը:











