Երեւանի Ազնավուրի հրապարակից «Ելք» դաշինքը երթով շարժվել է դեպի Մյասնիկյանի արձան: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում են «Ելք»- դաշինքի առաջին եռյակը ներկայացնող Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ դաշինքի այլ ներկայացուցիչներ:
Լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը նշեց, որ Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելը դժվարի չի, պետք է միայն ցանկություն:
«4 մարդ են կրակել, ովքեր են եղել այդ մարդիկ, էդ մարդկանց գտնել առանձնապես բարդ խնդիր չէ, նրանք էլ վստահաբար կասեն, թե ով է իրենց կրակելու հրաման տվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:











