Մայրաքաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկում հատակի փլուզումից հետո ընտանիքի մի մասը ստիպված է շարունակել բնակվել նույն տանը, թեեւ ԱԻՆ–ից նախազգուշացրել են, որ առկա է հետագա փլուզման վտանգ եւ տանը բնակվելը վտանգավոր է։

Տանտիրուհին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ 14 հոգանոց ընտանիքի միայն 7 անչափահաս երեխաներին են կարողացել ժամանակավորապես տեղավորել բարեկամների տանը։

50–ականներին կառուցված տունն ապրելու ենթակա չէ։ Նաեւ որպես խոհանոց ծառայող ճաշասենյակի հատակը գրեթե ամբողջությամբ բաց է։ Ընդհանուր մոտ 20քմ մակերեսով բացվածքից ելումուտ են անում առնետները։ Նախնական տվյալով՝ երկաթբետոնե հատակը փլուզվել է ամրանների փտած լինելու պատճառով։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 10–ի գիշերը՝ 01։30–ին։

«Դրանից հետո մինչեւ ժամը 5–ը անընդհատ քանդվում էր։ Մենք արթուն էինք, դեռ քնած չէինք։ Զգացինք, որ դմփոց է գալիս խոհանոցի կողմից։ Մենք տեղափոխվեցինք ներսի սենյակ, էնտեղ պադվալային չունի, հենց հիմքը ամուր դրված է։ Տղաս զանգեց ԱԻՆ, եկան, մեզ տարհանեցին»,- պատմեց տանտիրուհին։

Բարեբախտաբար, տան բնակիչներից ոչ ոք չի վնասվել։ Ծնողներն այժմ մտածում են՝ ինչպես են լուծելու 11 երեխաների հետագա կացարանի հարցը։ Նրանք հույս ունեն, որ կգտնվեն բարի մարդիկ, որոնք օգնության ձեռք կմեկնեն։