Եթե չենք ստեղծում մի իրավիճակ, որը բացառում է պատերազմի վերսկսումը, ուրեմն Ղարաբաղի հաղթանակը դեռ  մեր ձեռքում չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

«Ապրիլյան պատերազմը իրականում զգուշացում էր մեզ, որ իրականում հարցը  ոչ միայն լուծված չէ, այլեւ մեր անվտանգությունը գնալով ավելի խոցելի է դառնում: Այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունն այսօր  իր կարգախոսն է ընտրել անվտանգություն ու առաջընթաց, արդեն շատ խոսուն փաստ է, որովհետեւ շատ երկար ժամանակ ՀՀԿ-ն փորձում էր  համոզել, որ Ղարաբաղի հարցը լուծած է: Մշտապես ասել են` Ղարաբաղի հարցը լուծված է, անվտանգության հարցը լուծված է, մենք կարող ենք 100 տարի էլ  զարգանալ առանց հակամարտության լուծման: Սա էր գլխավոր կարգախոսը:  Եվ հիմա պարզվում է` այդ ամենը դատարկություն էր, ստախոսություն էր, որ իրականում 18 տարին, որը հետեւել է Տեր-Պետրոսյանի հրաժարականին, այս իշխանության կողմից դարձել են թալանի, կեղեքման տարիներ, եւ մեր անվտանգությունը ոչ միայն չի բարելավվել, այլ հակառակը` մենք հայտնվել ենք շատ ավելի ծանր իրավիճակի մեջ, քան երբեւէ եղել ենք»,-ընդգծեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, եթե այսօր Հայաստանը չի կարող ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բացառվի պատերազմի վերսկսումը, ուրեմն Ղարաբաղի հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ:

«Այսօր հայցում ենք ձեր օգնությունը, այսօր իսկապես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի փրկությունը այն խնդրի լուծումն է, որն անավարտ մնաց 1997 թվականին` վերջապես խաղաղության պայմանագրով ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը ամրագրել: 1994 թվականին Ադրբեջանին մենք պարտադրեցինք  ինչ-որ իմաստով խաղաղություն, բայց իրականում զինադադար: Զինադադարը հիմնված է հակամարտող կողմերի կամքի վրա: Դա ժամանակավոր համաձայնություն է՝ դադարեցնել պատերազմական գործողությունները, որովհետեւ կողմերին ժամանակ է հարկավոր, որ կարողանան վերադասավորումներ անել, նախապատրաստվել, որ կարողանան նորից սկսել ռազմական ճանապարհով հասնել այն նպատակին, որի մասին մտածում են»,-ասաց Զուրաբյանը:

Նրա ներկայացմամբ, սա նշանակում է, որ 1994 թվականին ձեռք բերվածը, ըստ էության, ոչ մի բանով ամրագրված չէ, որովհետեւ Ադրբեջանը այս ամբողջ ժամանակն օգտագործում է նոր պատերազմին պատրաստվելու համար:

«Սա նշանակում է մի բան` եթե  մենք չենք գալիս խաղաղության պայմանագրին, եթե չենք ստեղծում մի իրավիճակ, որը բացառում է պատերազմի վերսկսումը, ուրմեն էդ հաղթանակը դեռ  մեր ձեռքում չէ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը: