2017-ը հռչակվել էր ախտորոշման, պետական կառավարման համակարգի փոփոխության, սանիտարիզացիայի ու կայունացման տարի։ Այս մասին մարտի 13-ին Երեւանի Ավան վարչական տարածքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այն հարցին, թե երբ կարելի է ակնկալել նվազագույն աշխատավարձի ու նվազագույն սպառողական զամբյուղի համապատասխանեցում, վարչապետը պատասխանել է «Համարժեքությունը միանգամայն հարաբերական հասկացություն է, քանի որ պահանջներն էլ միշտ կաճեն»։

Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, մենք իրատեսաբար ենք հաշվարկել մեր հնարավորություններն ու ունակությունները։ Ի՞նչ պետք է մենք անենք։ Մենք պետք է զարգացնենք տնտեսությունը, մենք պետք է հարստանանք»,- ասել է Կարեն Կարապետյանը։ Պետությունը, միանշանակ, պետք է կանգնած լինի սոցիալակապես անապահով խավի կողքին, հավելել է նա։

Նրա խոսքով, ՀՀԿ-ն չի խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ կլինի։ «Մենք չենք ասում, որ ամեն ինչ վարդագույն կլինի, բոլոր սառնարանները լիքը կլինեն, կոռուպցիա էլ չի լինի։ Մենք պետք է աշխատենք ամեն օր ու ջանասիրաբար, որպեսզի մեր աշխատանքն իզուր չանցնի»,- նշել է Կարեն Կարապետյանը։