Հայաստանի սոցիալական ու առողջապահական ոլորտներում բոլոր անարժան ու պատահական հայտնված անձինք կհեռացվեն այդ համակարգերից։ Այս մասին մարտի 13-ին Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով, Հայաստանի բոլոր ոլորտներում կա արդյունավետությունը բարձրացնելու խնդիր։ «Մենք սկսել ենք մեծ բարեփոխումներ սոցիալական ու առողջապահական ոլորտներում, որոնք զուգահեռ են ընթանում։ Մենք չենք լուծում բոլոր սոցիալական խնդիրները, որոնք առաջանում են սոցիալապես անապահով խավի մոտ։ Բայց նույնիսկ այդ սահմանափակ պայմանների դեպքում մենք խնդիր ունենք՝ գումարները ծախսվում են արարդյունավետ, ու երբեմն մենք սխալ ենք ընտրում հասցնեն։ Այն ֆիլտրացիան, այն համակարգը, որը կա մեզ մոտ, երբեմն թույլ է տալիս, որ սոցիալապես անապահովների շերտում հայտնվեն ոչ անապահովները, իսկ օգնությունն էլ մինչեւ վերջ չի հասնում սոցիալապես անապահով խավին։ Չեմ ուզում խոսել մանրամասների մասին, բայց այդ ոլորտներում կլինեն մեծ բարեփոխումներ, ինչը հնարավորություն կտա նույն բյուջեի պայմաններում ավելի լավ ծառայություն մատուցել ու ավելի շատ բնակչություն ընգրկել»,- շեշտել է Կարեն Կարապետյանը;
Այն հարցին, թե քանի նոր աշխատատեղ է ստեղծվելու Հայաստանում՝ վարչապետը պատասխանել է «ես չեմ սիրում խոտումներ տալ։ Խոստումների հարցում ես բավականին ժլատ եմ, քանի որ երբ խոստում եմ տալիս, պարտադիր ուզում եմ կատարել այն։ Իրականում ես վստահ եմ, որ մեր գործողություններն ու ծրագրերը կապահովեն տնտեսական աճ։ Տնտեսական աճը գործընթաց է , որը կախված է ոչ միայն կառավարումից ու Կառավարությունից, այլեւ բիզնես միջավայրի ու բնակչության արձագանքից»։











