Քաղաքապետարանում եւ քաղաքային տնտեսությունում շատ աշխատանք կա կատարելու: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնախան ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ցանկանում է շարունակել պաշտոնավարել քաղաքապետի պաշտոնում:

Նա կարծում է, թե իր անցած ճանապարհն է պատճառը, որ այսօր հայտնվել է ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում: Հարցին՝ թե ավագանու ցուցակը գլխավորելու առաջարկ եղե՞լ է, նա պատասխանել է. «Թողեք ԱԺ ընտրություններն ավարտենք, հետո դրա մասին կխոսենք»:

Քաղաքապետը կարծում է, թե ՀՀԿ-ն մրցունակ ցուցակ է ներկայացրել. «Մենք համարվում ենք շատ լավ ցուցակ՝ բոլորն այն մարդիկ են, ովքեր կարող են այն ծրագրերը ներկայացնել եւ մեր բնակչության հետ աշխատանք, քարոզչություն իրականացնել»:

Տարոն Մարգարյանը  վստահ է, որ քաղաքապետարանում եւ քաղաքային տնտեսությունում շատ աշխատանք կա կատարելու: «Ոչ մեկ տարում, ոչ 4 տարում, ոչ 5 տարում հնարավոր չէ էդ աշխատանքներն ավարտին հասցնել: Բնական է՝ մենք դեռ հլը կիսատ աշխատանքներ ունենք: Եվ մենք՝ հանրապետականներս եւ մեր թիմը, փորձառու թիմը եւ այն դարդ ու ցավը եւ այն խնդիրները, որ այսօր ունի երեւանցին եւ Երեւան քաղաքը, մենք պատկերացնում ենք եւ դրա լուծումները գիտենք»,- նշել է նա:

Որն է պատճառը, որ քարոզարշավն իրականացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Սերժ Սարգսյանին այդ գործում չենք տեսնում, հարցին քաղաքապետը պատասխանել է. «Նա մեր Հանրապետական կուսակցության թեկնածուն վարչապետն է, եւ այսօր մենք պաշտպանում ենք հանրապետության վարչապետին՝ որպես կառավարության ղեկավար: Այն բարեփոխումները, փոփոխությունները, որ իրականացնում է, վարչապետն է իրականացնում, եւ հանրությանը ներկայացնում է վարչապետը այդ փոփոխությունների մասին»:

Քաղաքապետը կարծում է, թե ՀՀԿ-ն կարող է մեծամասնություն ձեւավորել Ազգային ժողովում, եթե լավ աշխատի: «Մեր կատարած աշխատանքը եթե կարողանանք ճիշտ ներկայացնենք, եւ այն տեսլականը, որը մենք տեսնում ենք մեր վաղվա, մեր երկրի վաղվա օրվա հետ կապված, համոզված եմ՝ այո»: Աղքատությունն աճել է անցած 9 տարիների ընթացքում, 350.000 մարդ է արտագաղթել, պետական տուրքն ավելացել է. Այս փաստարկներին ի պատասխան էլ նա նշել է. «Չեմ կարող ասել՝ այլ ուժ լիներ՝ ինչ էր լինելու: Կարող ա կրկնակի ավելի վատ լիներ: _ Չեմ կարծում: Համոզված եղեք՝ մեր թիմը սիրում է իր ժողովրդին ու այս հող ու ջրին: Այս ճանապարհին մենք շատ կորուստներ ենք ունեցել»,- նշել է քաղաքապետը, որը նաեւ վստահ է՝ ժողովուրդն էլ իրենց է սիրում: