«Արմենիա»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ, որտեղ քիչ առաջ մահացել է «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ:

NEWS.am- ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ են նաեւ «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը, բազմաթիվ ակտիվիստներ, Արթուր Սարգսյանի հարազատները:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մահվանից կես ժամ անց ինքն ստացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանը նրա մահվան վերաբերյալ:

«Ես հիմա չեմ կարող եզրակացություններ անել, համոզված եմ եւ հույս ունեմ, որ մահվան պատճառը պատշաճ մասնագիտական քննության կենթարկվի: Ես, մահվանից միայն կես ժամ անց ստացել եմ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Նրանց խոսքով` մահվան պատճառը որովայնի սուր ինտոկսիկացիան է եւ սրտի անբավարվածությունը»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ «Հաց բերողի» մահը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես խայտառակ էջ .«Գլխավոր դատախազի հետ խոսակցության ժամանակ մենք ասել ենք, որ նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում, եւ եթե որեւէ մեկը հույս ունի, որ Արթուր Սարգսյանը մեկ, երկու օր հացադուլ է հայտարարելու եւ դադարացնի, ապա դա այդպես չէ: Մենք հույս ունեինք, որ ազատելով նրան բանտից փրկել ենք նրա կյանքը, բայց մեր հույսերը չարդարացան: Այս ամենի մեջ մեղավոր են այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ այս մարդը ազատության մեջ հայտնվի: Սա շատ տխուր, շատ դաժան եւ սոսկալի իրավիճակ է, եւ  «Հաց բերողի» մահը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես խայտառակ էջ»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: