«Շատ մեծ ցավ եմ ապրում»: Այդ մասին լրագրողներին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Արաբկիրում ընտրողների հետ կայացած հանդիպումից հետո մեկնաբանելով Արթուր Սարգսյանի մահը:

Հարցին՝ արդյոք բացթողումներ կան արդարադատության համակարգում, Կարապետյանը պատասխանել է. «Բազմաթիվ, ամենուրեք կան բացթողումներ: Հենց այդ պատճառով էլ ուզում ենք շտկել այդ բացթողումները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: