Ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ այսօր՝ մարտի 17–ին, մոմավառություն է կազմակերպվել Հրազդանում եւ Վանաձորում:
Հրազդանում երթը եւ մոմավառությունը կազմակերպել էր «Ելք» դաշինքի տարածքային թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Երթի մասնակիցները Հրազդանի Սահմանադրության հրապարակից շարժվեցին Ս. Մարիամ Աստվածածին Եկեղեցի, որի բակում էլ տեղի ունեցավ մոմավառություն: NEWS.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը նշեց, որ «Հաց բերողի» մահվան համար մեղավոր է իշխանությունը։
«Իշխանությունը փորձում է լռեցնել, բայց դա նրան չի հաջողվի: Իշխանությունն ամեն կերպ իր սև գործն է անում՝ սկսած Հոկտեմբերի 27-ից, որը չբացահայտվեց, Մարտի 1, որը նույպես չբացահայտվեց: Ի՞նչ եք դուք մեզանից ուզում….Կարե՞լի է այսպես վարվել ազատամարտիկի, հաց բերողի հետ»,– ասաց Սասուն Միքայելյանը:
Հրազդանի Ջրառատ թաղամասում էլ մոմավառություն էին կազմակերպել հրազդանցի ակտիվ երիտասարդներ:
«Համ եկել ենք, համ մտածում ենք՝ մեր արածն ի՞նչ է որ, ի՞նչ կարողացանք անել մենք Արթուրին չկորցնելու համար, ոչինչ: Պարզապես ուզում ենք ինքներս մեզ մի փոքր հանգստացնել, որ ինչ-որ կերպ մեր պարտքը կարողացանք տալ հերոսին: Կյանքը ցույց տվեց, որ մեր հայրենիքում «Հաց բերող» Արթուրներ շատ ունենք, շատ կան ու շատ կլինեն»,– ասաց մոմավառության մասնակիցներից Գեղամ Ասատրյանը:
Այսօր երեկոյան մոմավառություն էր նաեւ Վանաձորի գլխավոր՝ Հայքի հրապարակում։ Դեռ երեկ երեկոյան մի խումբ վանաձորցի երիտասարդներ հրապարակում մոմեր էին վառել ու համընդհանուր մոմավառության կոչով դիմել վանաձորցիներին:
Այսօր երեկոյան Հայքի հրապարակի բեմահարաթակին տեղադրվեց «Հաց բերողի» լուսանկարը, տարբեր անկյուններում փակցվեցին նրա նկարներն ու վառվեցին մոմեր: Վանաձորցիներից մեկն իր հետ հաց էր բերել, որը դրեց Արթուր Սարգսյանի լուսանկարի առաջ:
«Արթուր Սարգսյանը հայ ազգի արժանապատվության սիմվոլն էր, նա իր արարքով դաս տվեց բոլորիս»,- ասաց վանաձորցիներից մեկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:
.jpg)
.jpg)
.jpg)












