«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք Հայաստանում արմատական փոփոխությունների կողմնակիցներ են։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով գլխավորում  է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական ցուցակը։ Այս մասին նա խոսել է պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի հետ ընտրություններից հետո համագործակցության վերաբերյալ «մեսիջների» մասին հարցին:

Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանում իշխանությունն անհրաժեշտ է փոխել։ «Մենք պատրաստ ենք համագործակցել ուժերի հետ, ովքեր արմատական փոփոխությունների կողմնակից են։ Մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ այդ ուժերի հետ, առավել եւս ուժերի հետ, որոնք կստանան ընտրողների ձայների մեծ քանակություն։ Գագիկ Ծառուկյանի հետ ես հանդիպել եմ, մենք լավ հարաբերություններ ունենք, եւ այդ հարաբերությունները կպահպանվեն»,-նշել է Օհանյանը։