«Ես քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Երեւանի թիվ 8/16 ընտրական տեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը քվեարկության էր եկել կնոջ եւ երկու դուստրերի հետ։

Նա նշեց, որ իր շանսերը գնահատում է բարձր:

Խոսելով ընտրախախտումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Ելքի» վստահված անձինք քիչ առաջ եղել են ընտրատեղամասերից մեկում, որտեղ քվեախցիկի վերեւում տեսախցիկներ են եղել։ «Հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ չաշխատող տեսախցիկ է, բայց ամեն դեպքում մեր վստահված անձինք պնդել են, որ դրանք հանվեն, եւ հանվել են։ Մի քանի ահազանգեր կան, որ ինչ–որ մարդիկ կան, որոնք կասկածվում են նրա մեջ, որ պահանջում են, որ ընտրողները քվեարկությունից հետո լուսանկարեն իրենց քվեաթերթիկները։ Բայց դրանք ստուգման փուլում են, ես հիմա շատ ուժեղ պնդումներ անել չեմ կարող», – ասաց նա։

Ըստ թեկնածուի, իրենց ահազանգել են նաեւ, որ մի ուժից երկու վստահված անձից ավելի կան տեղամասում, եւ կան մարդիկ, որոնք ասում են, որ ռեյտինգային թեկնածուների կողմից են վստահված անձ, բայց օրենքն այդպիսի բան չի նախատեսում։ Հիմա այդ տեղեկատվությունը ստուգվում է։

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա դա, ըստ նրա, կարելի է գնահատել ընտրությունների ավարտից հետո։ Հարցին, թե ինչ հետընտրական քայլեր է պլանավորում «Ելքը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդը մեր օգտին քվեարկեց, եւ եթե տեսանք, որ մեր ձայնը գողացվել է, դա հետընտրական պրոցես է: Եթե մեր ձայնը չի գողացվել, հետընտրական պրոցեսի մասին, չեմ կարծում, թե կարելի է խոսել»։

Նա հավելեց, որ ընտրությունների ավարտից հետո պետք է տեղեկատվությունը ի մի բերվի, թե ինչ է տեղի ունեցել, ինչ միջադեպեր են եղել, վստահված անձինք, դիտորդները խախտումներ արձանագրել են, թե ոչ. «Փաստերի համադրությամբ պետք է անենք հետեւություններ»:

Փաշինյանն ընդգծեց, թե լսել է, որ ընտրողներին կանաչ գրիչներ են բաժանում, որ դրանով քվեարկեն, եւ եթե դա կա, ապա «նշանակում է, որ վերահսկվող քվեարկություն են կազմակերպում, եւ դա պետք է համապատասխան գնահատականի արժանանա»։

Հարցին, թե «Ելք» դաշինքը կմիանա՞ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետընտրական գործողություններին, որոնց մասին ՕՐՕ–ի ներկայացուցիչները արդեն հայտարարում են, Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ մեր նախաձեռնությունը եւ մեր անելիքը որեւէ ձեւով փոխկապակցվածության մեջ է ՕՐՕ–ի հետ։ Մենք մեր անելիքը ինքներս որոշում ենք, եւ որեւէ մեկը որեւէ կասկած չունի նրանում, որ մենք պատրաստ ենք ամենավճռական քայլերի, եթե ժողովրդի մեզ տված ձայնը գողացվի։ Բացառված է, որ ՀՀ ում իշխանափոխություն չլինի միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք մնացել որեւէ քայլ անելուց»։