ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը առայժմ չի կարող խոսել արձանագրված ընտրախախտումների մասին, քանի դեռ Դաշնակցության շտաբում դեռ չեն ճշտել ընտրախախտումների մասին ստացված ահազանգերը։
«Այս պահին չեմ կարող ասել, ընթացքում մենք կամփոփենք, եթե արտառոց բաներ լինեն, կասենք։ Մենք կստուգենք այդ ամենը, հընթացս ճիշտ չի եզրակացություններ կատարենք»,– թիվ 03/23 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Ռուստամյանը:
Անդրադառնալով այս ընտրություններում տեխնոլոգիական նորամուծություններին՝ Ռուստամյանն ասաց՝ իր տպավորությամբ ամեն ինչ սահուն է ընթանում. «Իմ տպավորությունը նորմալ է, ժողովուրդը լավ էլ արագ յուրացնում է նոր տեխնոլոգիաները։ Շատերն ասում էին՝ պրոբլեմներ կառաջացնի, բայց սահուն ընթանում է»։
Ինչ վերաբերում է այս ընտրություններում Դաշնակցության ակնկալիքներին՝ Ռուստամյանն ասաց. «Դաշնակցությունը միշտ էլ անցել է խորհրդարան, դրա պրոբլեմը չի ունեցել, մենք ուզում ենք ավելի լուրջ ներկայություն ունենալ խորհրդարանում, որ այս գործընթացը, որը մենք ենք սկսել, մինչեւ վերջ կարողանանք տեղ հասցնել»։
Հիշեցնենք, որ այսօր արձանագրվել են դեպքեր, երբ ընտրատեղամասերում ընտրողի մատնահետքը արձանագրող սարքերի հետ կապված խնդիրներ են ծագել:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։











