Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Կարմիր բլուրում» ամենամյա ծառատունկին այսօր` ապրիլի 15-ին, գնացել էր պաշտոնական հագնված` կոստյումով եւ փայլեցված կոշիկներով: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք անհարմար չէ կոստյումով ծառ տնկելը:

«Իհարկե այդքան էլ հարմար չէ, բայց աշխատանքից եմ գալիս, հետո էլ գնալու եմ աշխատանքի»,-բացատրեց նա:

Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ ինքը երեւանցիների հետ մշտապես մասնակցել է ծառատունկի, եւ հաշիվը կորցրել է, թե քանի ծառ է տնկել:

Այնուամենայնիվ, քաղաքապետը ծառատեսակներին կարծես թե այնքան էլ ծանոթ չէ, լրագրողի հարցին, թե ի՞նչ ծառ է ինքն այդ պահին տնկում, Տարոն Մարգարյանը  դժվարացավ պատասխանել:

«Էս ի՞նչ ա, թխկի չի՞, մասնագետին հարցնենք։ Ես մասնագիտությամբ բնապահպան չեմ, բայց էնքան եմ ծառ տնկել, որ որոշակիորեն, որը կարողանում եմ, տարբերում եմ»,- ասաց նա: Ի դեպ, այսօր «Կարմիր բլուրում» միայն հացենիներ են տնկվել։

Ի դեպ, կոստյումը Տարոն Մարգարյանին չխանգարեց էնտուզիազմով մի քանի ծառ տնկել, բահով հող լցնել արմատի վրա եւ ջանասիրաբար ոտքերով պնդացնել հողը: