ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, կատարված ծառահատումների օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ ծառահատումներն իրականացվել են 2017 թվականի ապրիլի 8-ին՝ բենզասղոցի միջոցով՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից։ Վերջինս հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ հատումներն իրականացրել է մաքրման եւ մշակման նպատակով եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Փաստաբանի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել բենզասղոցը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ տնօրենին ապրիլի 14-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբուսաբանական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մեղադրյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու եւ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։











