Սուրբ Հարության (Զատիկ) տոնի նախօրեին առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են 20-50 դրամով: NEWS.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում` պարզելու, թե Զատիկի տոնին ընդառաջ կա՞ արդյոք մթերքների թանկացում, եթե այո, ապա որքանով են թանկացել տոնի համար անհրաժեշտ ձուկը, հավկիթը եւ կանաչեղենը:

Հարցվողների մեծ մասը եւ հատկապես նրանք, որոնք առեւտուր են անում ամեն օր, կարծում են` թանկացում ամեն դեպքում կա, սակայն ոչ չափից ավելի:

«Թանկացում կա իհարկե, բայց գնային մեծ տատանումներ չկան, 20-50 դրամ: Բայց խանութների համեմատ` շուկայում ավելի էժան է»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Տենց թանկացում չկա: Ճիշտ ա` ես ամեն օր ձուկ չեմ առնում, բայց շատ չի թանկացել»,-նշեց մեկ ուրիշը:

Վաճառողները նույնպես խոստովանում են, որ «օգտվում են» տոնից ու պահանջարկ ունեցող մթերքների գները «մի փոքր» բարձրացրել են:

«Սուրբ Հարության տոնին ընդառաջ սովորաբար ձվի գինը բարձրանում է: Իմ կանաչին 50 դրամով է թանկացել: Մինչեւ էդ առեւտուր չենք ունենում, գոնե էս մի օրը մի բան աշխատենք»,-նշեց վաճառողներից մեկը:

«Սիթիի հետ համեմատ 50 դրամ էժան ա, ի՞նչ եք ուզում»,-ասաց մյուսը:

Սակայն առեւտրականներից ոմանք հերքեցին, որ գների թանկացում է եղել. «Ոչ, կասեի չէ, նորմալ գներ ա մնացել, բոլոր տեղերում էլ նույն ա գները, փոփոխություն չկա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը նշել էր, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Զատիկին ընդառաջ կանաչեղենի եւ ձվի գնի բարձրացում չի եղել: