ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում ապրիլի 14-ին հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՔԾ-ից հայտնում են, որ հրապարակված ձայնագրության փաստի առթիվ Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:
Ըստ մամուլի տեղեկությունների վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:











