Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցվեց Անթիլիասի մայրավանքում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից հայտնում են, թե թե պատարագը մատուցել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը։
Պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հայրապետական թափորն ուղեւորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հավաքին ներկա էին նաեւ նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի հայկական երեք կուսակցությունները, ինչպես նաեւ տարբեր միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդգծեց ապրիլ 24-ի կարեւորությունը:
«Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլ 24 է. այլ խոսքով՝ պահանջատիրության օր»,- ասաց Վեհափառը: Նորին Սրբությունը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հիշեցրեց 100-ամյակի Համազգային Հռչակագրի կարեւորությունը՝ որպես պահանջատիրական պայքարի ուխտի վերանորոգում:
Արամ Ա. Կաթողիկոսն իր պատգամի մեջ կարեւորությամբ շեշտեց.
Ա) «Եվրոպան միշտ նպաստել է Հայ դատին, քանի որ այն մոտիկից ծանոթ է հայ ժողովրդի ցեղասպանության ու բռնաբարված իրավունքներին։ Հետեւաբար, սպասում ենք, որ Եվրոպան տարբեր առիթներով դրանք պախարակող Թուրքիայի նկատմամբ ավելի հզոր կեցվածք կունենա:
Բ) «Ընդհանրապես իսլամական ու հատկապես արաբական երկիրներում Թուրքիայի հետզհետե աճող ներկայությունը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Միջին Արեւելքում, բնականաբար նաեւ Հայ դատի գծով։ Հետեւաբար, հարկ է շարունակել մեր աշխատանքները՝ արաբական ու իսլամական երկիրների պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի հետապնդած պանթուրանական նպատակներին»։
Գ) « Անհրաժեշտ է մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ համակրանք ցուցաբերող Թուրքիայի մտավորական շրջանակների հետ կապեր հաստատել, ինչպես նաեւ գործակցության ուղիներ որոնել իսլամացած հայերի հետ»։
Դ) «Ցեղասպանութեան ճանաչման առընթեր հրամայական է հարցի իրավական կողմը։ Այս համատեքստում մասնագիտական մոտեցումներով եկեղեցապատկան կալվածքների թղթածրարի պատրաստումը, ինչպես նաեւ մեր կորցրած ունեցվածքի նյութական արժեւորումը համահայկական արժեքի անհետաձգելի անհրաժեշտություն է: Նրա խոսքով` պետք է նաեւ աշխատանքներ տանել տարբեր ենթահանձնախմբերի միջոցով մուտք գործելու ՄԱԿ»։
Վեհափառ Հայրապետը նաեւ հիշեց, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատի գծով Թուրքիան լուրջ դժվարություններ է հասցրել` հեռու պահելով փաստաբաններին անհրաժեշտ աշխատանքները կատարելուց, ինչպես նաեւ իրավական հանձնախմբի թուրք փաստաբաններից մեկին բանտարկելով։ Վեհափառը շեշտեց, որ հակառակ այդ ամենին` իրավական գործընթացը պիտի շարունակվի:
Նորին Սրբությունն իր խոսքը եզրափակեց` ասելով, որ Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է եւ պետք է շարունակվի առավել մեծ հավատով ու վճռականությամբ:











