Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ ոչ մի հակասություն չկա:

«Ի՞նչ հակասություն պետք է լինի իմ եւ վարչապետի միջեւ»,-այսօր՝ մայիսի 8-ին, Շուշիի ազտագրման օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սուրիկ Խաչատրյանը՝ հավելելով. «Մամուլից նեղացած չեմ, բայց ոչ բոլոր դեպքերում է մամուլը ճիշտ գրում»:

Անդրադառնալով նրան, որ իր աշխատանքից ազատվելու հարցում եւս մամուլին էր մեղադրում, նախկին մարզպետն ասաց. «Անցած լինի, ես դիմում եմ գրել դուրս եմ եկել, մամուլն ինչ կապ ունի»:

Դիտարկմանը, որ սյունեցիների շրջանում կարծիք կա, որ թեկուզ ինքը կոպիտ ու բռի է եղել, բայց օգտակար է եղել բնակչությանը, նա արձագանքեց. «Դե ժողովուրդ ասել է, էլ ես ի՞նչ ասեմ»:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի կազմին, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Նորմալ է ԱԺ կազմը, հիմա ինչի՞ց եք դժգոհ: Սաղ աշխարհին ապացուցեցինք, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, կարող ենք աշխարհի ամենաարդար, ամենամաքուր ընտրությունները կատարենք, էլի դժգոհ եք: Դժգոհ լինելը ընդդիմության գործն է, բա որ ընդդիմությունը չդժգոհի, բա ի՞նչ անի»: