ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի փակումը տհաճ է։ Բայց ի՞նչ արած։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Եթե կա նման դիրքորոշում, որ փակելու են Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը, ուրեմն ոչինչ անել հնարավոր չէ։ Եվ ես տեսնում եմ, որ նախագահությունը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի պահպանի այդ գրասենյակը։ Տեսնենք, գուցե այս տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայության որեւէ այլ ձեւեր կգտնվեն», - հույս է հայտնել Իվան Վոլինկինը։

Այն հարցին, արդյո՞ք նա Ադրբեջանի այդ դիրքորոշումը ապակառուցողական չի համարում, քանի որ դրանից է կախված նաեւ Հայաստանում ԵԱՀԿ ամբողջ գործունեությունը, դեսպանը պատասխանեց․ «Ես համաձայն եմ այն առումով, որ վատ է, որ փակվում է տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին գրասենյակը։ Բայց ոչ այնքան վաղուց փակվել է Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը։ Դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ում բոլոր ցանկությունները ընդունվում են կոնսենսուսով, դրա համար էլ այդպես է ստացվել»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով չի հաջողվել համաձայնության հասնել Կազմակերպության երեւանյան գրասենյակի մանդատը երկարացնելու հարցում։ Ակնկալվում է , որ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։