Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, ենթադրաբար, արձանագրված է Լոխ Նեսի հրեշը: Սա 2017-ին Նեսիի առաջին հայտնվելն է, գրում է Oane-ը:
Երկու րոպեի ընթացքում նա անշտապ լողում է ջրում՝ հազիվ հանելով գլուխն ու պարանոցի մի մասը: Բացի այդ, այդ պահին կողքով անցնում է ոչ մեծ մոտորանավակ, բայց կենդանին չի վախենում եւ շարունակում է լողալ:
Տեսանյութի հեղինակը հատուկ մի քանի վայրկյան ցույց է տվել տեղանքը՝ փորձելով ապացուցել, որ այդ պահին մենակ չի եղել ափին ու եւս 10-15 հոգի ականատես են եղել երեւույթին:
Եղել են նաեւ տեսանյութի իսկության վերաբերյալ կասկած հայտնողներ՝ նշելով, որ նկարահանումը շատ հեռվից է, իսկ առարկան հստակ չի երեւում: Մյուսներն էլ կարծում են, որ տեսանելի է, բայց իրենց թվում է, որ կադրում ընդամենը գերան է, ոչ թե ինչ-որ կենդանի:
Գերի Քեմբելը, ով զբաղվում է Լոխ Նեսի հրեշի տեսավավերագրությամբ, ասել է, որ սկսել էր անհանգստանալ, որ նա վաղուց չէր երեւում: Վերջին անգամ նրան նկատել են 2016-ի օգոստոսին: Ընդ որում՝ 2016-ն այդ առումով հարուստ է եղել. Նեսիին նկատել են 10 անգամ: Նա նշել է, որ հանելուկային երեւույթի ամբողջ պատմության ընթացքում հավաքվել է 1082 նյութ՝ հրեշի ջրում հայտնվելու հետ կապված:











