Ազգային ժողովի պատգամավոր, «Սաս« գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանը հորդորում է սպասել «Սաս»-ի սկանդալային ձայնագրության վերաբերյալ քննության արդյունքներին:
«Քննություն ա հիմա տեղի ունենում, քննության ավարտին ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»,- այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:
Ըստ մամուլի տեղեկությունների վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:











