Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ մայիսի 17-ին, NEWS.am-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու մայրաքաղաքի բնակիչների վերաբերմունքը սեռական փոքրամասնություններին եւ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների բարձրացրած այն խնդիրներին, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ենթարկվում են բռնությունների, եւ որ Հայաստանում անհրաժեշտ է ընդունել սեռափոխության մասին օրենք։
Հարցմանը մասնակցած երևանցիների մի մասը նշեց, որ բռնությամբ ոչինչ չի փոխվի, իսկ մեծ մասը դեմ է Հայաստանում սեռափոխության օրենքի ընդունմանը։
Կային նաեւ ծայրահեղ կարծիքներ․ մի երիտասարդ, օրինակ, նշեց, որ նման օրենքի ընդունման դեպքում կփոխի բնակության վայրը. «Եթե էդ օրենքը ընդունվի, ես կգնամ կապրեմ Ղարաբաղում։ Ընդեղ հաստատ չի ընդունվի»։
Քաղաքացիներից ոմանք միասեռականությունը համարում են հիվանդություն, հոգեբանական խնդիր, իսկ ոմանց կարծիքով էլ՝ ոչ թե պետք է բռնությամբ փոխել մարդու սեռական կողմնորոշումը, այլ պարզապես չքարոզել այն։
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը ԼԳԲՏ համայնքը նշում է մայիսի 17-ին։
Ի դեպ, Հայաստանում այս ակցիային միացել էր նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը որի շենքին այսօր ծածանվում էր նաեւ ԼԳԲՏ բազմերանգ դրոշը։











