Սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է պառլամենտում ներկայացված քաղաքական ընդդիմության դերը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով, Խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության միջեւ է. ուստի, խորհրդարանական փոքրամասնությանը Սահմանադրությունը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ:
Անդրադառնալով ընդդիմության դերի մեծացմանը, Սերժ Սարգսյանն ասել է.
«Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը կարեւոր դերակատարում է վերապահել սահմանադրական օրենքների ընդունման հարցում, որոնք պետք է արժանանան որակյալ մեծամասնության, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի հավանությանը. Ազգային ժողովի կանոնակարգ, Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին օրենք, Հանրաքվեի մասին օրենք, Կուսակցությունների մասին օրենք եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք: Սրանք այն օրենքներն են, որ անմիջականորեն ազդում են մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ պետական իշխանության կազմակերպման վրա, ուստի պահանջում են ավելի մեծ կայունություն եւ ավելի լայն համաձայնություն:
Նույն կերպ խորհրդարանական փոքրամասնությունն ազդեցություն է ունենալու Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության ժամանակ, ինչպես նաեւ դատական իշխանության մարմինների ձեւավորման գործում, քանի որ դրանց համար եւս պահանջվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:
Դրա հետ մեկտեղ քաղաքական փոքրամասնությունն ունենալու է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու եւ դրանք նախագահելու, Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաեւ որոշակի դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու հավելյալ հնարավորություններ:
Այս փոփոխությունների արդյունքում՝
1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
2) Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
3) խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
4) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջեւ կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձեւավորվի իշխանության եւ ընդդիմության երկբեւեռ դասական քաղաքական համակարգ,
7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։











