Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը նոր համակարգ է, որը նախատեսում է օրենսդիր մարմնի պատասխանատվության եւ աշխատանքի արդյունավետության մեծացում: Մայիսի 18-ին՝ նոր գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ում ՀՀԿ-ն մտադիր է դարձյալ իր խմբակցության ղեկավար ընտրել:
Ի պատասխան երդման պաշտոնական արարողությանը «Ելք» դաշինքի պատգամավորների չմասնակցելուն վերաբերող հարցին՝ Բաղդասարյանն, ակներեւորեն մոռանալով, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է, նշեց. «Դե ի՞նչ ասեմ: Հնշանակում է՝ նրանք պետք է եկեղեցի գնան երդվելու»:
Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա ելույթի ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում չէին:











