Ազգային ժողովի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ իր հայտարարությունը, թե ինքը մանկաբույժ է եւ գիտի ինչպես վարվել չարաճճիների հետ, կատակ է եղել:

Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Ելք»-ից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ հայտարարությունից բխում է, որ դա դպրոցի մանկավարժի վերաբերմունք է աշակերտների նկատմամբ:

«Կատակով տված հարցին կատակով պատասխանել եմ, չնայած դրա մեջ կա խորը իմաստ, եթե ցանկանաք, իմաստը կըմբռնեք, դա լավ իմաստ ունի, ոչ թե վատ»,- ասաց նա:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը: