Մեր ընտանիքը ներդրումները շարունակում է, ուրեմն կառավարության աշխատանքը բարենպաստ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ):
Նա չկարողացավ նշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանը ինչ օգտակար քայլ է արել գործարարների համար. «Տարբեր ոլորտներում, տենց ընդհանուր չեմ կարող ասել: Մեր ընտանիքը ներդրումները շարունակում է, ուրեմն բարենպաստ ա»:
Անդրադառնալով խորհրդարանում իր աշխատանքին, Արկադի Համբարձումյանն ասաց. «Խոստանում եմ աշխատել ընենց, ոնց աշխատել եմ իմ ընտրողների հետ ու ավելի լավ: Շատ աշխատատեղ, ստեղծեմ, շատ բարեգործություն անեմ իմ տարածքի համար, իմ ժողովրդի համար: Ես էդ տիպի պատգամավոր եմ»:
Հարցը, թե բարեգործություն անելու համար պարտադի՞ր է պատգամավորի մանդատ ունենալը, ՀՀԿ-ական պատգամավորին զայրացրեց. «Այսինքն, ձեզ խանգարո՞ւմ ա իմ մանդատը, չէ մի րոպե, խանգարո՞ւմ ա: Ամբողջ ժողովրդի անունի՞ց եք խոսում, մարդիկ ձայն են տվել, չէ՞»:
Հիշեցմանը, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, որտեղ քաղաքական ծրագրեր են կյանքի կոչվում, նա արձագանքեց. «Մենք ընդհանուր քաղաքական թիմի անդամ եմ, այդ ծրագրերի կողմնակիցն եմ, որը կուսակցությունը կառաջարկի»:











