Ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրվել եմ 21 000 քաղաքացու կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին,  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Մանուկյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Դիտարկմանը, թե՝ ստացվում է, որ Հայաստանում իշխանությունը սերնդեսերունդ է փոխանցվում, նա արձագանքեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»:

Դավիթ Մանուկյանը նշեց, որ իր աշխատանքը հենց խորհրդարանում է պատկերացնում: «Չեմ եկել ԱԺ-ում ոչինչ փոխելու, եկել եմ, որ իմ ընտրողների հույսերն արդարացնեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում ակտիվ աշխատելու է խորհրդարանում, որը բոլորը կտեսնեն:Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը նորեկ է ԱԺ-ում, եւ նախկինում քաղաքական գործունեություն չի իրականացրել, Դավիթ Մանուկյանն արձագանքեց. «Իսկ ներողություն, մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել: Ես իհարկե հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած  ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչները ընտրել են  Դավիթ Մանուկյանին»: