Լավ ընտրություններ անցկացնելու հարցում կարեւորագույն նշանակություն ունի հասարակության քաղաքական իրավական կուլտուրան։ Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին Ազգային ժողովում ասել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նածագահի թեկնածու Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին։

Զեյնալյանը նշել է, թե հանրության մեջ ձեւավորվել է համոզմունք, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիա կա։ «Քաղաքական մեծամասնության չափաբաժինը հասարակության մեջ 5,6 տոկոս է, բայց, օրինակ, դպրոցների տնօրենների գրեթե 90 տոկոսը իշխող կուսակցության անդամներ են։ Ձեւավորվել է համոզմունք, որ Հայաստանում առկա է ընտրական կաշառքի մշակույթ։ Ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ»,- հարցրել է Արտակ Զեյնալյանը։

«Լավ ընտրություններ անցկացնելու հարցում կարեւորագույն նշանակություն ունի հասարակության քաղաքական իրավական կուլտուրան։ Ինչպես  է հասարակությունը հասկանում ընտրությունների գինը, այն մարմնի դերն ու նշանակությունը, որը պետք է ձեւավորի։ Մեր առջեւ ծառացած խնդիրը ոչ միայն Հայաստանի համար է, բոլոր երկրներում էլ կա, հասարակության քաղաքական իրավական մշակույթի բարձրացումն է»,- ասել է Հրայր Թովմասյանն ու հավելել. «Եթե մենք շատ ենք, չի նշանակում, որ ճիշտ ենք։ Կարող է մեծամասնությունը ճիշտ լինել, կարող է փոքրամասնությունը ճիշտ լինել։ Ճիշտը կարող է լինել եւ այստեղ, եւ այնտեղ»։

Զեյնալյանը հիշեցրել է աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «Մի տանիր զմեզ ի փորձություն»։ «Հասարակությանը չի կարելի տանել փորձության՝ տեսնելու կվերցնի ընտրակաշառքը, թե ոչ»,- ասել է նա, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը պատասխանել է, թե ընտրություններն ավելի հին են, քան աստվածաշնչյան ձեւակերպումը։