Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն այնքան էլ գաղտնի չեն քվեարկել: ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը քվեարկած քվեաթրթիկները բաց վիճակում դրել է քվեատուփի վրա, որից հետո դրանք ծալելով՝ գցել քվեատուփի մեջ: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս իր ընտրությունը կատարել է «բաց քվեարկությամբ»:

Նշենք, որ արդեն ԱԺ դահլիճում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բարձրացրեց այդ հարցը, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը պատասխանել է, թե քվեարկությունը փակ գաղտնի չէ, այլ գաղտնի է։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը երեկ միմյանց միջեւ բաժանել են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահական տեղերը՝ 6-ը 3-ին համամասնությամբ:

ՀՀԿ-ից առաջադրվել է 6 թեկնածու՝ սռողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել է Հակոբ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը, անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը, պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն են՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝  Նաիրա Զոհրաբյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի՝ Վարդան Բոստանջյանը, տարածքային կառավարման հարցերի՝ Վարդեւան Գրիգորյանը: