Բելգիայում ցուցահանդեսին ներկայացվել են դա Վինչիի 100 մեքենաներ։ Լեոնարդո դա Վինչիի մեքենաները, այդ թվում թռչող սարքն ու շարժական կամուրջը , ցուցադրվել են բելգիական Բրյուգե քաղաքի ցուցահանդեսի շրջանակում, փոխանցում է NTDTV-ը։

Չնայած մեծ նկարչի գծագրերը նախկինում էլ էին եռաչափ մոդելով վերստեղծել, կազմակերպիչներն ասում են, որ ցուցահանդեսն իր տեսակի մեջ ամենախոշորն է։

Հանդիսատեսին առաջին անգամ են ներկայացրել 100 մեքենաներ ու մեխանիզմներ, որոնք ստեղծել կամ կատարելագործել էր իտալացի գյուտարարը մոտ 500 տարի առաջ։ Դրանք բոլորը Լեոնարդոյի գծագրերով էին պատրաստվել։

Մոդելներից մի քանիսը շատ բազմազան ու նորարական էին նրա ժամանակների համար։ Մի քանիսը նա չի ստեղծել, բայց լրջորեն լրամշակել է դրանք։

Արդեն 15-րդ դարում նկարիչը մտածում էր ուղղաթիռների, օդանավերի ու սուզանավերի նման մեքենաներ ստեղծելու մասին, նաեւ նա առաջին է սկսել օգտվել ինժեներիայի,հիդրոդինամիկայի, օպտիկայի ու անատոմիայի նման հասկացություններից։

Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ստուգել մի քանի մեքենաներ գործողության մեջ, նաեւ դիտել Լեոնարդոյի գրությունների բնօրինակները։

Ցուցահանդեսը բաց կլինի կես տարի։ Հետո այն կտեղափոխեն Ստամբուլ ու Դուբայ։ Որից հետո այն կսկսի իր վեցամսյա շրջագայոթյունը Ասիայում ու ԱՄՆ-ում։