ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։
Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում։
Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկել է օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը եւ վարորդների պատշաճ տեսքը։
Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվել է վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաեւ վերանայել սակագները։
Նախարարն ընդգծել է, որ տաքսիներին զուգահեռ պետք է նաեւ Երեւանից օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումներ կազմակերպվեն։ Նա նախարարության տրանսպորտի վարչությանը եւ լիցենզավորմանը գործակալությանը հանձնարարել է այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացնել։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հայտնաբերելու նպատակով առավել խստացված հսկողություն է իրականացվում։
Վահան Մարտիրոսյանը տեսչության պատասխանատուներին հանձնարարել է շուրջօրյա հսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։
Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ կաշխատեն ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ կտանեն առանց համապատասխան փաստաթղթերի տաքսի ծառայություն մատուցող վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։











