Երեւանի Կասյան փողոցի վերին հատվածում այսօր՝ հունիսի 10-ին, բացվել է գյուղատնտեսական տոնավաճառը, որը կգործի շաբաթ եւ կիրակի օրերին: Բացմանը ներկան էր Հ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ով դրական համարեց շուկայի վերաբացումը՝ նշելով, որ նման շուկաներ բացելու գաղափարը գալիս է 2011-ից, իսկ հեղինակը ՀՀ նախագահն է:

«Որ գյուղացին հնարավորություն ունենա անձամբ մտնել շուկա եւ վաճառել իր ապրանքը: Մաշտոցի պողոտայում էլ է նախատեսվում բացել, եթե դրա կարիքը լինի: Շատ հաճախ գյուղացին չի ուզում գալ հասնել քաղաք: Այստեղ հարցեր կան, պետք է հասկանանք պահաջարկը, բայց արդեն լավ է, որ կա այս հարթակը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, ոլորտն այնպիսին է, որ մի տարի մի բերքը լավ է, մյուսը՝ վատ. «Դրանից պետք չի հուսահատվել, հուսախաբվել ու վախենալ: Պետք է ուղղակի հետեւել, թե ինչից է լավ այդ տարի եւ բերքը ստանալ, եւ փողն աշխատել: Ինչը վատ է, պետք է փոխհատուցել եւ մտածել, թե մյուս տարի այնպես անենք, որ դա չլինի: Ամենակարեւորը՝ գնահատել՝ ինչից է վատ: Եթե կարկտահարություն, ցրտահարություն է, դա մի հարց է, բայց շատ ժամանակ ագրոմիջոցառումները լավը չէին, որակը լավը չէր: Ինձ համար զարմանալի է, որ կա վարունգ, որ 50 դրամով չի վաճառվում, եւ կա 250 դրամով՝ վաճառվում է: Տարբեր սորտերի վարունգ են: Միգուցե տեսքի հարց է, արդեն գյուղացին պետք է որոշի, որն անի»:

Նրա խոսքով, վերահսկողություն կա, որ վերավաճառողներ չլինեն. «Ցուցակագրվում են, թե որ գյուղացիներն են գալիս: Նրանք գալիս են, մեր ներկայացուցիչն էլ այստեղ ներկա է գտնվում: Բացառվում է, որ վերավաճառող լինի»: