Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը գնահատում եմ լավ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նախկինում եւս զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը:

Նա նշեց, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ. «Բազմաթիվ խնդիր կան չլուծված, դա թերացո՞ւմ է»:

Հարցին, թե արդյոք բացթողում չի՞ համարում այն, որ տարիներ շարունակ հասարակական տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվում, վարչապետը պատասխանեց. «Տրանսպորտի հարցը որ չի լուծվել, բացթողում չեմ համարում, բայց ակտուալ եմ համարում այդ խնդիրը լուծելը»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է մատնանշել որեւէ բացթողում, վարչապետն ասաց՝ այս պահին չի կարող: Հարցին՝ թե չի՞ հիշում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարող եք այդպես մեկնաբանել»:

«Քաղաքապետի աշխատանքը այնպիսին է, որ բոլոր խնդիրներն էլ համար առաջինն են: Չի կարող նա ռանգավորել, ասել՝ այ էս խնդիրը պետք է լուծեմ, հետո անցնեմ սրան: Այդ իսկ պատճառով քաղաքապետի աշխատանքը բարդ է հենց դրանով: Քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան՝ կրթական, առողջապահական, աղբահանության»,-ասաց Կարեն Կարապետյանը: