Այսօր՝ հունիսի 12-ի երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Վանաձորի ծայրամասային Տարոն թաղամասում: Տեղաբնակների խոսքով կարկտահարաությունը տեւել է 5-10 րոպե եւ ուժգնության
հետեւանքով զգալի վնասել է այգիներն ու բանջարանոցները:
Ինչպես Վանաձորում հաճախ է լինում, այս անգամ եւս քաղաքի մյուս հատվածներում կարկուտ չի տեղացել. բնությունը բավարարվել է մանրահատ անձրեւով:
Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում, սակայն, կարկտահարության հետ կապված ահազանգ այսօր չի ստացվել:
Այս օրերին ստացված կարկտահարության վերջին ահազանգը մարզի Ծաղկաշատ համայնքից է եղել, որտեղ գրանցված վնասի չափի հաշվարկումը ներկայումս ընթացքի մեջ է:













