«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստին, այսօր՝ հունիսի 21-ին, մեկ ժամ ընդմիջումից հետո նիստերի դահլիճից հեռացված Վարուժան Ավետիսյանը բերվեց դահլիճ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արտագնա նիստի ժամանակ որոշում էր կայացրել հեռացնել Ավետիսյանին, քանի որ վերջինս զինված ապստամբության կոչ էր արել: Ընդմիջումից հետո Արտուշա Գաբրիելյանն Ավետիսյանին հորդորեց այլեւս անհարգալից վերաբերմունք չդրսեւորել դատարանի հանդեպ:

«Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին դիմեց դատավորը:

Ամբաստանյալները բորբոքվեցին. «Մատաղ չենք մենք»:

Այնուհետեւ Պավլիկ Մանուկյանը դատավորից հետաքրքրվեց, թե ինչու են իրենց բաժանել իրենց հարազատներից, այնուհետեւ նշեց, որ այս դատարանն իրավազոր չէ որոշումներ կայացնելու: Պավլիկ Մանուկյանը փորձեց խոսել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի մասին, բայց Արտուշ Գաբրիելյանն ընդհատեց. «Մենք խորհրդարան չունենք, սա դատարանի դահլիճ է»: Ամբաստանյալները ծափահարեցին, որից հետո տեղից սկսեց խոսել Արայիկ Խանդոյանը: Դատարանը սանկցիա կիրառեց Խանդոյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից հեռացրեց 6 ժամով:

Դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց, այս անգամ 10 րոպեով:

Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն: