ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ (Դերժավայի Արկադի) այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովում հերքել է տեղեկությունները, թե իր բիզնեսում ստուգումներ են սկսվել:

«Բան ու գործ չունեք էլի: Ոչ, արդեն ասել եմ, ըտենց բան չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արկադի Համբարձումյանը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ անձեռնմխելի՞ են իր բիզնեսները, պատասխանեց. «Ըհն, էլի հարց ա տալի: Խի՞ են անձեռնմխելի»:

Այն լուրերին, որ իրեն պատկանող ընկերության մանկական կերը Ադրբեջանից է ներկրվել, պատգամավորը «անգրագետ լրագրողական թեմա» համարեց:

Հարցին, թե ինչո՞ւ հայերեն մակնուշում չկա իր ներկրած ապրանքի վրա, նա պատասխանեց. «Դու տեսե՞լ ես, մի րոպե, հանգիստ: Բան ու գործ չունեք, ասում եմ, նման բան չկա, գնացեք առեք, ապտեկայում դրած ա»:

Հիշեցմանը, որ ինքը պատգամավոր է և իրավունք չունի բիզնեսով զբաղվելու, Արկադի Համբարձումյանն արձագանքեց. «Բայց ես գործարա՞ր եմ, ես իմ բիզնեսը տվել եմ  հավատագրման»:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ստուգումներ է իրականացնում Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ Գրուպ» ընկերությունում: Ըստ մամուլի բացահայտումների՝ այս ընկերության կողմից ներմուծված մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ մակնշումը: Իսկ ամիսներ առաջ տեղեկություն էր եղել, որ այս ընկերության մանկական կերը ներմուծվել է Ադրբեջանից, որը հետո դա հերքվել էր: