ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա նշեց, որ կառավարությունը համեմատական վերլուծություն է իրականացրել մի կողմից ԵՏՄ անդամ Հայաստանի, մյուս կողմից եվրոասոցացման գործընթացում գտնվող Վրաստանի եւ Մոլդովայի միջեւ՝ գնահատելու համար հավանական էֆեկտները:

«Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան, ԵՏՄ ավելի մեծ արդյունք տվեց, բայց միեւնույն է ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա կար եւ դրանով մենք տարանջատում էինք միացման էֆեկտները տնտեսական վիճակի էֆեկտներից: Տնտեսական վիճակի էֆեկտները բոլոր տեղերում կա՝ անկախ նրանից դուք գնում եք ԵՏՄ, թե եվրոասոցացման: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամակցությունը դրական է: Նույն ֆինանսական հոսքերի տեսանկյունից ավելի շատ ստանում ենք, քան տալիս ենք»,-հայտարարեց Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով` մինչեւ ԵՏՄ անդամակցությունը եւս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առեւտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին. «Հիմա մաքսային միության մեջ ենք, որի արդյունքում մաքսային ձեւակերպումները թեթեւացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համաթվով մենք ունեցել ենք առեւտրային պայմանների բարելավում, որը վերաբերում է հենց մաքսային պայմանների բարելամանը»:

Փոխվարչապետը բնական համարեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո երրորդ երկրների հետ Հայաստանի առեւտրային հարաբերություններում խնդիրներ են առաջացել: «Բնականաբար պետք է առաջանային, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի եւ դրանով մեր հարաբերությունները միջնորդավորվում ենք միասնական տնտեսական տարիֆի միջոցով: Բացի դրանից, այդ հարաբերությունները կարգավորվում են այլ սահմանային կետերով, կարող է ապրանքը մտնել այլ տեղերից եւս»:

Նա ընդգծեց, որ թեեւ ԵՏՄ-ում տարիֆներն ավելի բարձր են, քան Հայաստանում, բայց 700 ապրանքների վերաբերյալ տարիֆների բարձրացում հայաստանի չի արել. «Այլ արել ենք աստիճանաբար, որ դա անմիջապես չազդի մեր տնտեսական սպառման վրա, որպեսզի մեր տնտեսվարողներն ու սպառողները կարողանան կամաց-կամաց անցնել այդ նոր տարիֆներին եւ ազդեցությունը միանգամից չզգացվի»: