Եվրաինտեգրման մասին Լավրովի խոսքը չի նշանակում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։ Այս մասին հունիսի 30-ին ԱԺ-ում հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
Հունիսի 23-ին բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ որոշ շրջանակներ ցանկություն ունեն ԵՄ Արեւելյան գործընկերությունը վերածել հակառուսական ձեռնարկման։
Պետք է ուշադիր կարդալ Լավրովի խոսքը՝ դա չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը որեւ է կերպ փոխվել է, նկատեց Նալբանդյանը։
Հայաստանը ի սկզբանե ասում էր, որ պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի խորը ու լայն համագործակցության ու պատրաստ է հարաբերությունները հնարավորինս առաջ տանել, բայց ոչ ի վնաս այլ ինտեգրացիոն գործընթացներում իր մտադրությունների։ Այս մասին ասվում էր դեռ այն ժամանակ, երբ ԵՏՄ չկար։
Այդ դիրքորոշումը ընդունել է ու ընդունում է ԵՄ-ն։ ԵՄ- Հայաստան համատեղ հայտարարություններում խոսվում է բոլոր ուղղություններով համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Հայաստանի պարտականությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում։ Այս մասին հայտնել են նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով նախկին ու ներկա հանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Ֆեդերիկա Մոգերինին։
Դրա վրա են կառուցված եղել նաեւ 2015-ի դեկտեմբերին մեկնարկած բանակցությունները ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի մասին։ Նոր համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտին, կդառնա լուրջ շրջանակային փաստաթուղթ՝ ապագա հարաբերությունների ընդլայնման համար, նկատեց Նալբանդյանը։











