ՀՀ ԶԻնված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ցանկանում է, որ տարկետումն ընդհանրապես վերանա:
Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողները Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ զորակոչային գործընթացն ավելի լավ կազմակերպելու համար:
«Առաջինը կուզեի, որ բոլորը զորակոչվեին բանակ եւ տարկետումն ընդհանրապես վերանար: Կուզեի, որ նախազորակոչային տարիքի տղաների առողջության վրա ուշադրություն դարձվեր, որովհետեւ զորակոչվում են մեծ թվով տղաներ, որոնք ունեն որոշակի հիվանդություններ, իսկ մի մասին ընդհանրապես տարկետում է տրվում երկարատեւ բուժման համար, ինչու չէ նաեւ բանակում պիտանելի չլինելու համար հետագայում զորացրվում են: Իհարկե, սա համապետական միջոցառում է, կարծում եմ՝ մոտ ապագայում դուք ականատես կլինեք այդ ուղղությամբ կատարվող միջոցառումներին»,- ասաց Մովսես Հակոբյանը:
ԶՈՒ շտաբի պետը վստահեցրեց, որ առկա բոլոր բացերը փորձում են վերացնել:
Նշենք, որ այսօր մեկնարկել է 2017թ. ամառային զորակոչը:











