Սեւանա լճի ափին ոչ թե առանձնատուն է, այլ թիթեղյա ժամանակավոր կացարան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ պատասխանելով իր գույքի հայտարարագրի վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ դա ընդամենը թիթեղյա շարժական տնակ է, որը ցանկացած պահի այլ տեղ կարելի է տեղափոխել։
«Դա Սեւանի մյուս՝ Շորժայի ափին է։ Այնտեղ առանձնատուն չեն կառուցում։ Կառուցում են մայրուղու մոտ, մյուս ափին։ Իսկ հակառակ ափ գնում են նրանք, ովքեր ցանկանում են ձիավարել, ձկնորսությամբ զբաղվել, մի խոսքով՝ լինել բնության գրկում։ Ես դա շատ եմ սիրում», - ասաց Հարությունյանը։











