Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի կանխատեսումները տնտեսական աճի մասով տարբերվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նշենք, որ Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Կառավարության եզրակացության նախագծին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ-ում նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ ապագային միտված ընդհանուր քաղաքականությունը և մակրոտնտեսական զարգացումները, որոնք Կենտրոնական բանկը կանխատեսում է, համահունչ են կառավարության կանխատեսումներին, մի փոքր տարբերություն կա տնտեսական աճի կանխատեսման հետ կապված։
«Մեր եզրակացությունն այն է, որ ապագային միտված ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի գնաճը հնարավորինս արագ վերադառնա իր թիրախին՝ 4±1.5 տոկոսին։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ այս տարի՝ 2017թ. վերջին, արդեն թիրախի ներքին սահմանագծում կլինենք։
Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ պետք է պահպանվի ճկուն փոխարժեքի ռեժիմը, որն իրականացվել է 2016թ., այսինքն՝ հնարավորին չափով քիչ միջամտություն պետք է իրականացվի։ 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին արդեն փաստացի վկայություն ունենք, որ Կենտրոնական բանկը գրեթե չի միջամտում արժութային շուկաներին, որը շատ լավ է։ Ջանքներ պետք է գործադրվեն նաև փոխանցման մեխանիզմների ուժեղացման մասով։ Այս մասով երևի թե մենք էլ անելիք ունենք՝ կապիտալի շուկայի զարգացման առումով և ապադոլարացման քաղաքականության առումով»,- ասաց Վարդան Արամյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչում է Կառավարության և Կենտրոնական բանկի տեսակետի տարբերությունը, ինչին Վարդան Արամյանը արձագանքեց, որ իրենք տնտեսական աճի՝ ավելի բարձր տեմպեր են նախատեսում. «Հիմնական տարբերությունն այն է, որ պահանջարկի և ներդրումների մասով համեմատաբար ավելի համեստ աճեր է նախատեսում Կենտրոնական բանկը, մենք համեմատար ավելի ագրեսիվ ջանքեր ենք նախատեսում։ Դրանից էլ ածանցված գնաճային միջավայրը 2017թ. վերջում կարծում ենք՝ մի փոքր ավելի բարձր կլինի։ Խոսքն ընդամենը 0.5-0.6 տոկոսային կետերի մասին է, բայց ընդհանուր մակրոտնտեսական սցենարը համահունչ է»:
«Հետո կխոսենք պարոն Ջավադյանի հետ՝ ինչու ենք իրենք ավելի համեստ աճ նախատեսում»,- ասաց Կարեն Կարապետյանը։











