Ցանկացած տնտեսություն, իհարկե, կախված է միջազգային իրավիճակից, գեոպոլիտիկ, ռեգիոնալ խնդիրներից, կախված է հարևան երկրների իրավիճակից, կախված է այն միություններից, որտեղ գտնվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել ՀՀ կենտրոնական վանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հարցին որքանո՞վ է հավանական առաջիկա 5 տարիներին ապահովել տարեկան մինչև հինգ տոկոս տնտեսական աճ, ԿԲ նախագահը պատասխանեց. «Կառավարությունը քիչ հետո կներկայացնի միջնաժամկետ ծրագրի ցուցանիշը, և ես հուսով եմ, համաձայն օրենքի, նոյեմբերին ներկայացնելու է ծրագիրը, որտեղ նշված կլինի այդ ցուցանիշի թվերը՝ տնտեսական աճի մասով, աղքատության մասով, նաև՝ էքսպերտի աճի մասով: Եթե դուք նայեք կանխատեսումներին, ապա շատ երկրներում կանխատեսում են անում մինչեւ 50 տարի կտրվածքով: Մենք կանխատեսում ենք 5 տարվա կտրվածքով, սա առաջին անգամ էր և շատ կոռեկտ էր»:

Նրա խոսքով, տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ աճի թվի հետ կապված. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տիպի քաղաքականություն ես վարում: Եթե խելամիտ, թափանցիկ քաղաքականություն վարես և եթե քո արած քայլերը լինեն պրոֆեսիոնալ ու անաչառ, ապա ամեն ինչ էլ հնարավոր է հասնել: 5 տոկոսը քիչ է, թե շատ, մի քիչ դժվար է ասել, բայց այսօր աշխարհում 5 տոկոսը բավականին լուրջ ցուցանիշ է»:

Հարցին, թե արդյոք 5 տոկոս աճը բավական է, Ջավադյանը նկատեց, որ նախկին ԱՊՀ երկրների համեմատությամբ` ՀՀ-ն լավ վիճակում է գտնվում եկամուտների, կայունության գների, ֆինանսների կայունության տեսանկյունից.

Եկեք համեմատենք նախկին ԱՊՀ-ի հետ ու տեսնեք՝ ինչ վիճակում են գտնվում եկամուտներն այս վերջին ութ կամ ինը տարում: Բոլոր ցուցանիշներով մեր հետ համադրելի է միայն Վրաստանը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Կիրգիզիան, ո՛չ Ադրբեջանը մեզ հետ համեմատելի չեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե եթե վիճակն այդքան լավ է, ապա ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, Ջավադյանն արձագանքեց. «Գնում են ավելի լավ ապրելու տեղ: Կարող ա՞ մարդիկ գնում են Լեհաստան, եթե Լեհաստանի վիճակը վատ է»:

Լրագրողների դիտարկմանը, որ քաղաքացիները աղքատությունից լքում են երկիրը,

իսկ պաշտոնյաները հարստանում են, ԿԲ նախագահն ասաց. «Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են»: