ՀԱՊԿ-ն, ինչպես նաեւ անձամբ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձագանքել են շատ կոշտ: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն պետք է ավելի պասիվ դերակատարություն ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս: «Նրանք, այնուհանդերձ, դիրքորոշում ունեն, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է, ոչ թե հայկական բանակը»,- ասել է նախագահը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ եւ ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին:
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ, պետք է ուսումնասիրենք կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերն ու հայտարարությունները:
«Անցյալ տարի Երեւանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, խնդրում եմ, վերցրեք եւ նայեք, թե ինչպիսի բանաձեւ է ընդունել այդ գագաթնաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարեւոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարեւորն էությունն է: Ըստ էության՝ ՀԱՊԿ-ն երբեւէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,- նշել է Սերժ Սարգսյանը:











