Ամասիայի բնակիչները արդեն երկար տարիներ սպասում են՝ երբ մի բարերար վերջապես եկեղեցի կկառուցի համայնքում: Շիրակի մարզկենտրոնից ընդամենը 23 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքը, բացի բազում սոցիալական խնդիրներից, առ այսօր նույնիսկ եկեղեցի չունի:

Երբ բնակիչներից մեկին խնդրեցի մեզ ուղեկցել դեպի եկեղեցի, առանց ինձ նայելու՝ ցածր շշնջաց. «Այնտեղ եկեղեցի չեք տեսնի, ձեր պատկերացրածը չի էլի...», այնուհետեւ մեզ տարավ ոստիկանության մոտ գտնվող մի կիսախարխուլ շինություն, որի վերեւի հարկերում նույնիսկ պատուհան չկար:

«Ինձ եկեղեցին է պետք»,- պնդեցի հարցս, որից հետո միայն ուղեկցողը հայտնեց. «Սա է եկեղեցին, Սուրբ Գեւորգը, միայն կիրակիներին է բացի, հարսանիք, կնունք այս շենքում ենք անում, մեր նախկին «Կենցաղի տունն» է, այժմ եկեղեցական արարողություններն այնտեղ ենք անում»:

Կիսաքանդ շինությունը եկեղեցի էր հիշեցնում միայն պատին փակցված «Սուրբ Գեւորգը» եւ դռներին պատկերված խաչերը: Տեսարանն իսկապես տհաճ էր, կարելի է ասել՝ աշխարհի գրեթե բոլոր պետություններում առաքելական եկեղեցի է գործում, իսկ Հայաստանի Ամասիա համայնքում... սրբատեղի են դարձրել «Կենցաղի տան» շենքը:

Շաբաթ առավոտյան եկեղեցու դուռը կողպված էր, փորձեցի գտնել քահանային, պարզվեց, որ նա Երեւան է տեղափոխվել եւ Աշոցքի հոգեւորականն է անհրաժեշտության դեպքում արարողություն անցկացնում Ամասիայում: Եկեղեցու դուռն իմ առջեւ բացեց աշխատակիցը, ներսում, պետք է խոստովանել, իրավիճակն ավելի տխրեցնող էր. հին, մաշված կահույք, կոտրված աթոռներ...

Նշենք, որ Ամասիան երբեք էլ եկեղեցի չի ունեցել: Համայնքը մինչեւ Արցախյան պատերազմը թրքաբնակ է եղել, հատուկենտ հայեր են եղել: Սրանով են ամասիացիները բացատրում եկեղեցի չունենալը: Արցախյան պատերազմից էլ ավելի քան 2 տասնամյակ է անցել, սակայն պատկան մարմինները մինչեւ այսօր չեն մտածում Ամասիայում եկեղեցի կառուցելու մասին: