Հայաստանում կհստակեցնեն էլեկտրոնային ծխախոտների իրացման հարցերը։ Այս մասին ասվում է 2017-2020 թվականների ծխելու դեմ պայքարի ռազմավարությունում, որը հավանության արժանացավ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում։
Վերջին հասանելի տվյալներով՝ Հայաստանում ծխում է բնակչության 29 տոկոսը, ներառյալ՝ 65 տոկոս տղամարդիկ եւ 2.2 տոկոս կանայք։ Հիմնականում ծխում են 30-39-ամյա տղամարդիկ։ 70 տարեկանից հետո ծխողների թիվը նվազում է (մինչեւ 26 տոկոս)։ Սակայն, առողջապահության նախարարության կարծիքով, տարեց մարդիկ չեն դադարում ծխելը, այլ, ամենայն հավանականությամբ, ոչ բոլոր ծխողներն են ապրում մինչեւ 80 տարեկան։ Ապացուցված է նաեւ, որ Հայաստանում հիմնականում ծխում է անապահով քաղաքացիների 60 տոկոսը։ 2016 թվականին՝ 2012 թվականի համեմատ, Հայաստանում ավելացել է ամեն օր ծխողների թիվը (23 տոկոսից հասնելով 26.2 տոկոսի)՝ եւ տղամարդկանց, եւ կանանց շարքերում։ Հարցված ընտանիքների 53 տոկոսը եւ ծառայակիցների 74 տոկոսը հայտարարել են, որ ծխախոտի ծուխն իրենց անհարմարություն է պատճառում (այսինքն՝ իրենք եւս պասիվ ծխողներ են)։
Դրա հետ կապված՝ ռազմավարությունում նշվում է, որ անհրաժեշտ է պայքարել ծխախոտային արտադրանքի թաքնված գովազդի դեմ, ինչպես նաեւ հստակեցնել ծխելու արգելքի կարգը փակ աշխատավայրերում (որտեղ անհարմարություններ են ստեղծվում շրջապատողների համար)։ Հստակեցված չեն նաեւ երկրորդական ծուխ եւ հարկադրված պասիվ ծխողներ հասկացությունները։ Վերջապես, անորոշ են էլեկտրոնային ծխախոտ հասկացությունը եւ դրա իրացման հարցերը։











