Հնդկաստանի կենդանիների պաշտպանները հայտնել են, որ Մումբայում հայտնվել են երկնագույն մորթով շներ։ Նրանք բողոք են ուղարկել Մախարաշթրա նահանգի շրջակա միջավայրի աղտոտման հսկողության հարցերով վարչություն։ Կենդանիների պաշտպանները հավաստիացնում են, որ շների մորթին երկնագույն է դարձել տեղի Քասադի գետում քիմիկատների պարունակության պատճառով, որտեղ շները հաճախ են լողում կամ ջուր խմում, հայտնում է RTVI-ն։

Վարչությունից բողոքին պատասխանել են, որ հետաքննություն կանցկացնեն ու հավելել, որ արդեն փակել են դեպի գետ տանող ճանապարհը։ Ջուրն աղտոտել էր տեղի ձեռնարկություններից մեկը, որը կապույտ ներկ է գործածում լվացող միջոցների արտադրության մեջ, հավելել են գերատեսչությունից։

Նավի- Մումբայի բնակիչները բազմիցս դժգոհել են գետի աղտոտումից, որի մոտ գրեթե հազար սննդի, դեղագործական ու մեքենաշինական գործարան է աշխատում։ Վերջին տարիներին ջրից այլեւս տհաճ հոտ չի գալիս, բայց աղտոտման մակարդակը բարձր է մնում։

Քասադի գետում արդյունաբերական վտանգավոր թափոնների մակարդակը 13 անգամ գերազանցում է նորման։