ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու առեւտրի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. հունիսի 26-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի բնակչի տան բակում գործող առեւտրի սրահ եւ հափշտակել կանխիկ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է առեւտրի սրահում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միջին տարիքի, կիսաճաղատ մի տղամարդ մոտենում սրահում գտնվող պահարանին, բացում դարակը, վերցնում ինչ-որ բան եւ հեռանում:
Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
«Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված տղամարդուն կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:












