Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Սարդարապատի հուշահամալիրում, ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարեւոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը եւ այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով:

Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետեւելու են մեր քաջարի զինվորները:

Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաեւ ձեր ենթակաների նկատմամբ:

Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:

Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ եւ փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն եւ հենարան դառնան ձեզ:

Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը եւ խաղաղությունը երաշխավորելն է:

Հարգելի՛ զինվորականներ,

«Մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին եւ գրողին, վարորդին եւ ծրագրավորողին, ոսկերչին եւ երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը եւ այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, եւ հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:

Այդ դրական արժեքների եւ ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը եւ մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում եւ ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

Այստեղ, ուր թեւածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլեւ մեր պետականության հարատեւությունն ապահովելու պատասխանատվությունը:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Հարգելի՛ զինվորականներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն եւ մեծ, մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները:

Շնորհակալություն»: